• English
  • Հայերեն
  • Русский
Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Թուրքմենստան
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Թուրքմենստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Թուրքմենստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում․ Արսեն Ավագյան

07 հուլիսի, 2026
Հայաստանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Թուրքմենստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում․ Արսեն Ավագյան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը Turkmenportal-հրատարակության հետ հարցազրույցում նշել է, որ Երևանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Թուրքմենստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում, այդ թվում՝ օգտագործել Թուրքմենբաշի նավահանգստի հնարավորությունները և «Աշխարհի խաչմերուկ» նախագծի ներուժը: Նա խոսել է նաև առևտրաշրջանառության դինամիկայի, հումանիտար և մշակութային կապերի, ինչպես նաև Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո երկկողմ հարաբերությունների զարգացման մասին:

Տարիներ շարունակ Հայաստանն ու Թուրքմենստանը պահպանել են ավանդական բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու ձգտման վրա: Քաղաքական երկխոսության մակարդակի, տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկ համագործակցության հեռանկարների, առևտրատնտեսական կապերի, ինչպես նաև երկու ժողովուրդներին միավորող մշակութային և պատմական ժառանգության մասին՝ Թուրքմենստանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հարցազրույցում:

Երկկողմ հարաբերություններ

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակը: Ի՞նչ մակարդակով է այսօր ընթանում երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։

Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակը: Մեր երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու ձգտման վրա:

Հայաստանի և Թուրքմենստանի միջև քաղաքական երկխոսությունը կրում է կառուցողական և վստահության վրա հիմնված բնույթ և իրականացվում է տարբեր մակարդակներում: Շփումներ են պահպանվում արտաքին քաղաքական գերատեսչությունների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև, զարգանում է միջխորհրդարանական համագործակցությունը: Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը կարևոր դերակատարություն ունի համագործակցության ընդլայնման գործում:

Հայաստանը Թուրքմենստանը համարում է կարևոր գործընկեր Կենտրոնական Ասիայում և շահագրգռված է երկկողմ կապերի հետագա խորացմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ինչպես բազմիցս ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է բոլոր գործընկերների հետ փոխադարձ հարգալից և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը: Հենց այս տեսանկյունից է, որ Հայաստանը դիտարկում է Թուրքմենստանի հետ համագործակցությունը՝ մեծապես կարևորելով քաղաքական երկխոսության հետագա ամրապնդումը և երկու բարեկամ երկրների միջև գործնական համագործակցության ընդլայնումը:

- Ինչպե՞ս է Հայաստանը գնահատում 2026 թվականին ԱՊՀ-ում Թուրքմենստանի նախագահությունը և թուրքմենական կողմի առաջարկած առաջնահերթությունները:

Մենք գոհունակությամբ ենք արձանագրում 2026 թվականին ԱՊՀ-ում Թուրքմենստանի նախագահությունը և բարձր ենք գնահատում թուրքմենական կողմի առաջարկած առաջնահերթությունները՝ ուղղված փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, տրանսպորտային-լոգիստիկ կապի զարգացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և Համագործակցության երկրների միջև հումանիտար համագործակցությանը:

Առեւտրատնտեսական համագործակցություն

- Ինչպիսի՞ն է վերջին տարիներին Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրաշրջանառության դինամիկան: Ո՞ր ոլորտներում եք տեսնում ամենամեծ ներուժը:

Առևտրատնտեսական համագործակցությունը մեր երկրների միջև փոխգործակցության առանցքային ուղղություններից է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառությունը կայուն դրական միտում է արձանագրում:

Եթե 2022 թվականին առևտրի ծավալը կազմել է շուրջ 21,1 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2023 թվականին այդ ցուցանիշը մնացել է մոտավորապես նույն մակարդակի վրա, ապա 2024 թվականին այն գերազանցել է 22,3 մլն ԱՄՆ դոլարը։ 2025 թվականի վերջին երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է շուրջ 36,5 մլն ԱՄՆ դոլարի՝ ցույց տալով զգալի աճ։

Դրական դինամիկան շարունակվում է և ընթացող տարում։ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրաշրջանառության ծավալն արդեն կազմել է 17,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը վկայում է առևտրատնտեսական ոլորտում բարձր ակտիվության պահպանման մասին։

Վերջին տարիներին առևտրաշրջանառության աճը վկայում է այն մասին, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական հարաբերությունները դուրս են գալիս որակապես նոր մակարդակի և առկա ներուժը թույլ է տալիս հույս հայտնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների հետագա աճի և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:

Գոհունակությամբ կցանկանայի նշել 2026 թվականի հունվարի 15-ին Երեւանում հայ-թուրքմենական համատեղ գործարար համաժողովի անցկացումը, որը նոր հարթակ է դարձել երկու երկրների գործարարների և մասնավոր հատվածի միջև շփումների և համագործակցության համար։

Միևնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ առկա ցուցանիշները դեռևս լիովին չեն արտացոլում երկու երկրների միջև համագործակցության իրական հնարավորությունները: Նշանակալի հեռանկարներ են բացվում էներգետիկայի ոլորտում, տրանսպորտի և լոգիստիկայի համագործակցության, քիմիական և դեղագործական, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության, սննդի և վերամշակման արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև թվայնացման և նորարարության ոլորտներում:

Մենք առանձնակի կարևորում ենք տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության ընդլայնումը և մեր պետությունների տարանցիկ կարողությունների օգտագործումը, որը համապատասխանում է տարածաշրջանային կապի ամրապնդման ժամանակակից միտումներին:

– Առևտրատնտեսական կապերի զարգացման համար գոյություն ունե՞ն ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ համաձայնագրեր, միջկառավարական հանձնաժողովներ:

Այո՛, Հայաստանի և Թուրքմենստանի միջև ձևավորել է անհրաժեշտ իրավապայմանագրային և ինստիտուցիոնալ դաշտ երկկողմ համագործակցության զարգացման համար: Ներկայումս գործում են մի շարք միջպետական և միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք ընդգրկում են փոխգործակցության տարբեր ոլորտներ:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը առևտրատնտեսական համագործակցության համակարգման առանցքային մեխանիզմն է: Իր գործունեության տարիների ընթացքում արդեն տեղի է ունեցել տասը նիստ, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2025 թվականի մարտին՝ Երևանում, իսկ հաջորդ հերթական նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի Աշգաբաթում։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքների հիման վրա ընդունվում են արձանագրություններ, որոնք սահմանում են առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Կարևոր դեր են խաղում նաև երկու երկրների համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև կանոնավոր շփումները, ինչը հնարավորություն է տալիս պահպանել կառուցողական երկխոսությունը և հետևողականորեն խթանել համատեղ նախաձեռնությունները:

Հարկ է նշել, որ առկա մեխանիզմները հուսալի հիմք են ստեղծում համագործակցության հետագա ընդլայնման և փոխշահավետ նոր ծրագրերի իրականացման համար:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում

- Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ վերջնական տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 50 տոկոսը և 64 մանդատ, խորհրդարան մտան նաև «Ուժեղ Հայաստան» և «Արմենիա» դաշինքները: Ընդունեք մեր շնորհավորանքները ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ինչպե՞ս եք գնահատում նրանց արդյունքները։

2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կարևոր փուլ էին Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում և ժողովրդավարական սկզբունքներին և սահմանադրական ընթացակարգերին մեր երկրի հավատարմության ևս մեկ հաստատում։ Քվեարկության արդյունքում կձևավորվի Ազգային ժողովի նոր կազմը և կառավարությունը, ինչն ապահովում է պետական ինստիտուտների աշխատանքի շարունակականությունը և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի հետագա իրականացման, ինչպես նաև պետության արտաքին քաղաքական օրակարգի շարունակականության համար:

-Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը խորհրդարանական նոր փուլում, այդ թվում՝ ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պահպանում է իր շարունակականությունը և հիմնված է ինքնիշխանության, փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և միջազգային բոլոր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման սկզբունքների վրա:

Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը վարում է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականություն, որն ուղղված է ոչ թե բաժանարար գծերի ստեղծմանը, այլ պետությունների լայն շրջանակի հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության զարգացմանը:

Այս համատեքստում Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ:

Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Մենք այս տարածաշրջանը դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր և շահագրգռված ենք քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության, ինչպես նաև հումանիտար և կրթական ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնմամբ:

Այս համատեքստում Թուրքմենստանը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Մենք բարձր ենք գնահատում հայ-թուրքմենական հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը և համոզված ենք, որ երկկողմ համագործակցության առկա ներուժը հեռու է սպառվելուց: Թուրքմենստանի և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների հետ համագործակցության խորացումը համապատասխանում է կապի ամրապնդման, առևտրատնտեսական շփումների զարգացման, մեր ժողովուրդների միջև երկխոսության ընդլայնման շահերին:

Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի ձևավորման օգտին:

Կրթություն և ուսանողներ

– Քանի՞ թուրքմեն ուսանող է այսօր սովորում Հայաստանում: Ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջարկ վայելում:

Ներկայումս ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է Թուրքմենստանի 13 քաղաքացի: Չնայած, ինչպես հասկանում եք, սրանք ավելի քան համեստ ցուցանիշներ են՝ հաշվի առնելով առկա չիրացված ներուժը։

Թուրքմենական ուսանողների շրջանում ամենատարածվածը ճարտարապետության և շինարարության, ինժեներական և բժշկական պրոֆիլների մասնագիտություններն են։ Մասնավորապես, վերապատրաստումները տեղի են ունենում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարապետությունը, արդյունաբերական և քաղաքացիական շինարարությունը, քաղաքաշինությունը և կադաստրը, բժշկությունը և դեղագործությունը: Ներկայացված են նաև հումանիտար գիտությունները, այդ թվում՝ միջազգային հարաբերությունները, լեզվաբանությունը և այլ ոլորտներ։

– Ի՞նչ հնարավորություններ են բացվում թուրքմենական դիմորդների համար՝ պետական ծրագրեր, դրամաշնորհներ, միջբուհական համաձայնագրեր:

Հայաստանն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում միջազգային կրթական համագործակցության զարգացմանը և ուրախ է ընդունել մեր երկրում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող թուրքմեն դիմորդներին:

Վերջին տարիներին օտարերկրյա քաղաքացիների ընդունելության գործընթացը դարձել է ավելի հարմարավետ և ժամանակակից: Նախորդ տարվանից Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ փաստաթղթերի ներկայացումն իրականացվում է էլեկտրոնային ձևաչափով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվական համակարգի միջոցով՝ fs.emis.am հասցեով:

2026-2027 ուսումնական տարվա օտարերկրյա քաղաքացիների դիմումների ընդունումն սկսվում է 2026 թվականի հունիսի 22-ից: 2026 թվականի օգոստոսի 28-ից հոկտեմբերի 9-ը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անցկացվում են լրիվ դրույքով և շարունակական ինտեգրված կրթական ծրագրերում բակալավրիատի առաջին կուրսի ընդունելության տեսական քննությունները:

Հայաստանի բուհերն առաջարկում են կրթական ծրագրերի լայն շրջանակ, ինչպես նաև զարգացնում են միջազգային համագործակցությունը և միջբուհական կապերը: Ուրախ կլինենք Թուրքմենստանից ավելի ու ավելի շատ ուսանողներ տեսնել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում և համոզված ենք, որ կրթական շփումները նպաստում են մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության ամրապնդմանը:

Տրանսպորտ և լոգիստիկա

- Թուրքմենստանն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք՝ Ասիայի և Եվրոպայի միջև երթուղիների խաչմերուկում։ Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության ներուժն այս համատեքստում:

Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի դերը՝ որպես Կենտրոնական Ասիայի կարևոր տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից մեկը և Ասիայի ու Եվրոպայի միջև առանցքային երթուղիների խաչմերուկում եզակի աշխարհագրական դիրք ունեցող պետություն:

Ժամանակակից պայմաններում տրանսպորտային կապի զարգացումը գնալով ավելի կարևորվում է և այս համատեքստում մենք տեսնում ենք հայ-թուրքմենական համագործակցության ընդլայնման զգալի ներուժ: Մեր պետությունների աշխարհագրական դիրքը, ինչպես նաև զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքների առկայությունը բարենպաստ նախադրյալներ են ստեղծում առևտրային հոսքերի ակտիվացման և համատեղ լոգիստիկ ծրագրերի իրականացման համար:

Հայաստանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանային հաղորդակցության զարգացման և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված արդյունավետ տրանսպորտային ուղիների ստեղծման օգտին:

Եվրասիական տրանսպորտային կապերի զարգացման ավելի լայն համատեքստում նոր հնարավորություններ են բացվում զարգացող միջազգային երթուղիների շրջանակներում: Այստեղ առանցքային նշանակություն ունի Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը, որի անբաժանելի մասն է կազմում TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը, որի նպատակն է նպաստել Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև տարածաշրջանային կապի ամրապնդմանը և լրացուցիչ տրանսպորտային հնարավորությունների ստեղծմանը:

Այս համատեքստում Հայաստանի և Թուրքմենստանի միջև տրանսպորտային և լոգիստիկ համագործակցությունը շատ հեռանկարային է երևում։ Մենք լավ հնարավորություններ ենք տեսնում միջազգային տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման, մուլտիմոդալ տրանսպորտային ուղիների զարգացման, ինչպես նաև մեր պետությունների տարանցիկ ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար:

- Կասպից ծովի Թուրքմենբաշի նավահանգիստը տարածաշրջանի խոշոր տրանսպորտային հանգույցն է։ Տեսնո՞ւմ եք Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրաշրջանառության շրջանակներում դրա կիրառման հնարավորությունները:

Անկասկած։ Մենք բարձր ենք գնահատում Թուրքմենբաշիի միջազգային ծովային նավահանգստի դերը՝ որպես Կասպից տարածաշրջանի կարևորագույն տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը և ժամանակակից եվրասիական տրանսպորտային միջանցքների կարևոր բաղադրիչ: Վերջին տարիներին Թուրքմենստանը հետևողականորեն զարգացնում է նավահանգստային ենթակառուցվածքները և ամրապնդում է Թուրքմենբաշիի՝ որպես խոշոր մուլտիմոդալ հանգույցի դիրքերը։ Ցանկանում եմ նշել, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելելով Թուրքմենստան, Ավազա քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Ծովին ելք չունեցող զարգացող պետությունների երրորդ կոնֆերանսին մասնակցության շրջանակներում 2025 թվականի օգոստոսի 7-ին այցելել է Թուրքմենբաշի նավահանգիստը և ծանոթացել դրա հնարավորություններին։

Հաշվի առնելով հայ-թուրքմենական առևտրաշրջանառության աճող ծավալները և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու աճող կարևորությունը՝ մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Թուրքմենբաշի նավահանգստի հնարավորություններն առավել ակտիվ օգտագործելու համար՝ ի շահ երկկողմ առևտրաշրջանառության:

Նավահանգստի ժամանակակից ենթակառուցվածքները, նրա աշխարհագրական դիրքը և Թուրքմենստանի երկաթուղային և ավտոճանապարհային ցանցին ինտեգրումը բարենպաստ պայմաններ են ստեղծում մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման և լոգիստիկ շղթաների արդյունավետության բարձրացման համար:

Համոզված ենք, որ տրանսպորտային միջանցքների հետագա զարգացումը, ինչպես նաև «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնության և կապի ամրապնդմանն ուղղված այլ միջազգային ծրագրերի իրականացումը կնպաստեն Թուրքմենստանի տարանցիկ ներուժի առավել լայն օգտագործմանը և մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը:

- Նախկինում Հայաստանի և Թուրքմենստանի միջև գոյություն ունեին ուղիղ չվերթներ, սակայն այսօր ուղիղ չվերթներ չեն իրականացվում։ Քննարկու՞մ եք ուղիղ չվերթները վերսկսելու հնարավորությունը։ Որքանո՞վ է դա տնտեսապես արդարացված՝ հաշվի առնելով ուղևորահոսքը, գործարար և հումանիտար կապերը երկու երկրների միջև։

Հայաստանի և Թուրքմենստանի միջև ուղիղ չվերթները, անկասկած, կարևոր կլինեն երկկողմ կապերի հետագա զարգացման համար: Ավելին, մեր երկրներն արդեն իսկ ունեն ուղիղ չվերթների իրականացման փորձ, իսկ օդային երթևեկության ոլորտում գործող իրավապայմանագրային բազան անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում այս ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

Հաշվի առնելով առևտրատնտեսական շփումների ակտիվացումը, կրթական, մշակութային և հումանիտար համագործակցության զարգացումը և գործնական և զբոսաշրջային ուղևորությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ ուղիղ չվերթների վերսկսումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար:

Կանոնավոր չվերթների տնտեսական նպատակահարմարության հարցը, իհարկե, կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ ուղևորահոսքից և ավիափոխադրողների առևտրային հաշվարկներից: Միևնույն ժամանակ, մենք համոզված ենք, որ երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնմանը զուգահեռ՝ կամրապնդվեն ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման օբյեկտիվ նախադրյալները:

Էներգետիկ համագործակցություն

– Թուրքմենստանն ունի չորրորդ ամենամեծ ապացուցված բնական գազի պաշարները աշխարհում։ Արդյո՞ք Հայաստանը հետաքրքրված է թուրքմենական էներգետիկ ռեսուրսներով։ Արդյո՞ք երկու երկրների միջև կան բանակցություններ կամ խորհրդակցություններ էներգետիկայի ոլորտում՝ գազի մատակարարման, համատեղ ծրագրերի կամ համագործակցության այլ ձևերի առումով:

Հայաստանը հետևողականորեն վարում է էներգետիկ անվտանգության բարձրացման և էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականություն և մեծ ուշադրություն է դարձնում էներգետիկայի ոլորտում Թուրքմենստանի հետ համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով Թուրքմենստանի կարողությունները էներգետիկայի ոլորտում, որն ունենալով բնական գազի աշխարհի խոշորագույն պաշարներից մեկը, միջազգային էներգետիկ շուկայի կարևոր մասնակից է և էներգետիկ անվտանգության և դիվերսիֆիկացման ապահովման մատակարարումների գործում նշանակալի գործընկեր ոչ միայն Հայաստանի համար: Էներգետիկան ավանդաբար կարեւոր տեղ է զբաղեցնում մեր երկրների միջև համագործակցության օրակարգում: Տվյալ ոլորտում համագործակցության հարցերը պարբերաբար քննարկվում են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, ինչպես նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև շփումների ընթացքում:

Հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը ունի ամուր պատմական հիմք: 1990-ական թվականներին Թուրքմենստանը Հայաստանին բնական գազի հիմնական մատակարարներից մեկն էր, և համագործակցության կուտակված փորձը լավ հիմք է ստեղծում համագործակցության հետագա զարգացման համար: Այս համատեքստում Թուրքմենստանի էներգետիկ ռեսուրսները փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և ունեն զգալի ներուժ երկարաժամկետ համագործակցության զարգացման համար: Վերջին տարիներին տեղի են ունեցել մի շարք խորհրդակցություններ և փորձագիտական քննարկումներ էներգետիկ համագործակցության տարբեր ոլորտների շուրջ: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է գազի ոլորտում համագործակցության զարգացմամբ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի և Թուրքմենստանի միջև էներգետիկ համագործակցությունը չի սահմանափակվում բացառապես գազի մատակարարման հարցերով։ Մենք հեռանկարներ ենք տեսնում նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ փորձի փոխանակման, ժամանակակից էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման և փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հումանիտար կապեր

- Արդյո՞ք նախատեսվում է Թուրքմենստանի մշակույթի օրերն անցկացնել Հայաստանում կամ երկու երկրների միջև մշակութային փոխանակումների ոլորտում այլ միջոցառումներ:

Հումանիտար և մշակութային համագործակցությունն ավանդաբար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերություններում: Վերջին տարիներին մեր պետությունները համագործակցության զգալի փորձ են կուտակել մշակույթի, արվեստի, կրթության և պատմական ժառանգության պահպանության ոլորտներում: Մասնավորապես, երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում նախատեսվում է Հայաստանում անցկացնել Թուրքմենստանի մշակույթի օրեր, ինչը կարևոր իրադարձություն կլինի մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման համար և թույլ կտա հայ հանրությանը ավելի մոտիկից ծանոթանալ Թուրքմենստանի հարուստ մշակութային ժառանգության հետ:

- Կա՞ որևէ համագործակցություն հայ և թուրքմեն ժողովուրդների միջև կապերն արտացոլող հին ձեռագրերի և պատմական աղբյուրների ուսումնասիրության հարցում:

Մեր ժողովուրդների հարուստ պատմական ժառանգությունը լավ հնարավորություններ է ստեղծում գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության համար:

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում պատմական աղբյուրների և ձեռագիր ժառանգության ուսումնասիրությունները։ Հայտնի է, որ Թուրքմենստանի պատմությունն ու մշակույթն ուսումնասիրելիս հետազոտողները բազմիցս դիմել են հայկական գրավոր աղբյուրներին, որոնք արժեքավոր տեղեկություններ են պարունակում ոչ միայն Կենտրոնասիական տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին տարբեր պատմական ժամանակաշրջաններում, այլև տարածաշրջանից դուրս թուրքմենական պետական ձևավորումների մասին: Այս նյութերը շարունակում են գիտական հետաքրքրություն ներկայացնել և նպաստել մեր ժողովուրդների ընդհանուր պատմական ժառանգության ավելի խորը ուսումնասիրությանը:

Այս գործընթացում կարևոր դեր է խաղում ձեռագրերի ժառանգության բնագավառի հետազոտողների, պատմաբանների և մասնագետների համագործակցությունը: Նման համագործակցությունը զգալի ներուժ ունի և կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի միջև հումանիտար շփումների հետագա զարգացմանը: Օրինակ՝ 1998 թվականին Աշգաբաթում հրատարակվել է «Հայկական սկզբնաղբյուրները Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու թուրքմենական պետությունների մասին» գիտական հրատարակությունը, որը համատեղ պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի և Մախտումկուլիի անվան Թուրքմենստանի ձեռագրերի ազգային ինստիտուտի կողմից:

- Թուրքմենբաշի քաղաքում պահպանվել է պատմամշակութային արժեք ներկայացնող հայկական եկեղեցին։ Արդյո՞ք քննարկվում է դրա վերականգնման հնարավորությունը հայկական կողմի կամ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։

Հայկական կողմը բարձր է գնահատում պատմամշակութային ժառանգության նկատմամբ ուշադիր վերաբերմունքը և երախտագիտությամբ նշում է Թումենբաշի քաղաքի հայկական եկեղեցու պահպանությունը, որը հանդիսանում է ընդհանուր պատմական ժառանգության կարևոր մաս:

Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությանն ու վերականգնմանը վերաբերող հարցերը պահանջում են ինտեգրված մոտեցում և շահագրգիռ կողմերի սերտ փոխգործակցություն: Մենք ելնում ենք նրանից, որ նման հուշարձաններն ունեն ոչ միայն ազգային, այլև համամարդկային մշակութային արժեք, և հետևաբար դրանց պահպանմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն արժանի է ուշադրության և աջակցության:

- Հայաստանի Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվում է XV դարի Գարագոյունլու դինաստիայի թուրքմենական էմիրների դամբարանը, որը հազվագյուտ,  երկու ժողովուրդների միջև հարաբերությունների պատմական խոր արմատներ հիշեցնող հուշարձան է: Արդյո՞ք հայկական կողմը տեսնում է Թուրքմենստանի հետ համատեղ աշխատանքի ներուժ՝ այս օբյեկտի պահպանման և առաջխաղացման ուղղությամբ։

Գարագոյունլու դինաստիայի թուրքմենական էմիրների դամբարանը Արգավանդ գյուղում եզակի հուշարձան է, որը խորհրդանշում է հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր պատմական կապերը:

Դամբարանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում է պետական պաշտպանության ներքո՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում այս կառույցի՝ որպես տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության կարևոր մասի պահպանությանը:

Ներկայումս հուշարձանի պատշաճ պահպանությունն ու հետագա վերականգնումն ապահովելու նպատակով նախատեսվում է արդիականացնել առկա գիտական և նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտ լրացումների ներդրմամբ՝ հաշվի առնելով կառույցի ներկա տեխնիկական վիճակը և դրա պահպանման ժամանակակից առաջնահերթությունները:

Գիտական և նախագծային փաստաթղթերի արդիականացման աշխատանքների ավարտից հետո հայկական կողմը պատրաստ է այն ներկայացնել թուրքմենական կողմին՝ վերանայման և մասնագիտական մեկնաբանությունների ու առաջարկությունների համար: Մենք փոխգործակցության այս ձևաչափը համարում ենք օգտակար մեխանիզմ մեր պետությունների միջև փորձագիտական փորձի փոխանակման և հումանիտար համագործակցության ամրապնդման համար:

Միևնույն ժամանակ, գիտական և նախագծային փաստաթղթերի թարմացումից հետո հայկական կողմը մտադիր է սկսել վերականգնման աշխատանքները, որոնք կիրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, մշակութային ժառանգության պահպանության բնագավառում լիազորված պետական մարմնի վերահսկողությամբ և ֆինանսավորմամբ։  

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շ. Բատըրովի փող. 22, Թուրքմենստան, Աշխաբադ, 744001Հեռ.՝ +99312 369418

Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: